ԱՄՆ-ը և Ռուսաստանը, որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություններ, պարտավոր են երկխոսել՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք մոլորակի ամենամեծ միջուկային արսենալն ունեցող երկրներն ենք, ուստի երկխոսությունից հրաժարվելն անխոհեմություն կլիներ։ Մենք պետք է շփումներ պահպանենք Ռուսաստանի իշխանությունների հետ, նույնիսկ, եթե շատ հարցերում տարբեր կարծիքներ ունենք»,- ընդգծել է նա Մանիլայի գագաթնաժողովում։               
 

Մետաքսի ճանապարհի անցյալը, ներկան ու ապագան

Մետաքսի ճանապարհի անցյալը, ներկան ու ապագան
19.12.2017 | 10:39

Վերջին տարիներին Ալավերդի քաղաքում (Լոռու մարզում ընդհանրապես) չեն դադարում խոսակցությունները պղնձաձուլական արդյունաբերության ասպարեզում ծրագրվող հայ-չինական համատեղ ծրագրի մասին, հրապարակվում են չինական կողմից սպասվող ներդրումների ծանրակշիռ թվեր:


Օրերս «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սերգո Երիցյանը որպես անակնկալ, պարտավորեցնող ընծայագրով ինձ նվիրեց Հայաստանում Չինաստանի դեսպանատան աջակցությամբ հրատարակված «Չինական ճեպանկարներ» գիրքը: Այն պատրաստվել է «Կարծիք» ստեղծագործական խմբի Չինաստանում կատարած նկարահանումների նյութերով:
«Մենք հազարավոր կիլոմետրեր անցանք Չինաստանով մեկ` ամենուր ձգտելով փնտրել, տեսնել ու գտնել այն համամարդկայինը, որ բնորոշ է մեր բարեկամ ժողովրդին և երկրին»,- գրում է հեղինակը խոսք-առաջաբանում` փորձելով միանգամից բացել գաղտնիքը:
Մեկ անգամ չէ, որ Սերգո Երիցյանն իր գործընկերների հետ այցելել է Չինաստան, բայց ամեն անգամ իր և հիմա արդեն ընթերցողի համար բացել է նոր գաղտնիքներ: Յուրովի են գաղտնազերծում Պեկինի բացվող օրերը ու ներկայացնում չինական ուտեստների և պեկինյան օպերայի հմայքը գրքի էջեր բերած լուսանկարչական ակնթարթները: Ավելորդ չէ մեկ անգամ ևս լսել Չինական մեծ պարսպի նշանակության, ժայռափոր Յունգանի հրաշքների մասին:
Առանց հպարտության ու գնահատանքի չես կարող կարդալ «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ծրագրի մասին: Հետո ընթերցողը կարող է իմանալ, որ Սիանը աշխարհի չորս հնագույն քաղաքներից մեկն է ու մետաքսի հայրենիքը: Հենց այստեղից է սկիզբ առել Մետաքսի ճանապարհը:


«Կարծիք» հաղորդաշարի օպերատոր Գարիկ Աբելյանի ստեղծագործական պրպտումները Չինական մեծ պարսպում, հետո լրագրող Հրաչյա Պապինյանի մեկնաբանությունները տեսաֆիլմի համար ու չինացի լրագրող Սուն Գենի խորհուրդներով լի կարծիքը շատ բան են խոստանում ընթերցողին ու մեր ուշադրությունը հրավիրում այն փաստերին, որ թանգարանները Չինաստանում միշտ մարդաշատ են, որ լավագույն մետաքսը Շանհայում է արտադրվում: Հետո ժամանակի քննությանն են հանձնվում Մետաքսի ճանապարհի անցյալը, ներկան ու ապագան:


Այդքան մոտիկ և այդքան հեռու Չինաստանը վեցերորդ անգամ է ընդունել «Կարծիքի» ստեղծագործական կոլեկտիվին: ՈՒսանելի մեկնաբանություններ և ուշագրավ բացահայտումներ են անում չինացի պաշտոնյաները, արվեստի ներկայացուցիչները և լրագրողները գրքի հեղինակի բազմաբնույթ հարցազրույցներում: Չին Ջաիլյուայը, օրինակ, Չինաստանի երկաթուղային կոորպորացիայի փոխտնօրենն է, գլխավոր ճարտարագետը: Հենց նա է հպարտությամբ հայտարարում, որ հեռավոր Շանհայի և Շենժենի ուղղությամբ արագընթաց գնացքները կարող են զարգացնել 380-420 կմ/ժ արագություն: Պեկինից 250 կմ հեռավորության վրա գտնվող քաղաք կարող եք հասնել կես ժամում, նույնքան էլ ծախսելով հետդարձի համար:
Հայ-չինական փոխհարաբերությունների խաչմերուկի համայնապատկերն իր մանրամասներով ներկայանում է հեղինակի և Ռուբեն Գինիի ընդարձակ հարցազրույցում: Ընթերցողի հետ երկխոսության իրենց էջերը ունեն Չինաստանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը և Հայաստանում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էլունը:


Ժողովածուն ընթերցողին է ներկայացնում «Իմաստնության արկղիկ» գրքույկը (կազմող և պատասխանատու խմբագիր` Սերգո Երիցյան), որի էջերում չինական ուսանելի առակներն են: Գրքի նկարազարդումների հեղինակը երևանաբնակ լոռեցի, ՀՀ վաստակավոր նկարիչ Արմեն Վահրամյանն է:
Որպես վերջաբան` «Կարծիք» ստեղծագործական խմբի որոնումները շարունակելու պատրաստակամության ազդագիրն է:
ՈՒզում եմ հուսալ, որ հայ-չինական համատեղ ձեռնարկումները մոտ ապագայում հասնելու են Լոռվա լեռնաշխարհ, և այդ մասին ազդարարելու է նաև «Կարծիք» ստեղծագործական խումբը:


Ամենևին նպատակ չունենալով սենսացիաներ փնտրելու գրքի էջերում, այնուամենայնիվ, չկարողացա դիմանալ գրքի ավարտին հեղինակի հետգրությամբ ընթերցողի հետ կիսվելու գայթակղությանը. «Ժամանակակից չինացիների գենը ցույց է տալիս, որ չինացիները խաչասերվել են ժամանակակից հայերի նախնիներից, ովքեր ակտիվ առևտրականներ էին Մետաքսի հնագույն ճանապարհին»:


Վաղարշակ ՂՈՐԽՄԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1641

Մեկնաբանություններ